Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող haqqin.az հրատարակությունը ազդարարել է Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի համար տեղեկատվական բազա ստեղծելու ակտիվ փուլի մասին։

Այսօր ԶԼՄ-ն հրապարակել է «Հայաստանն ու Իրանը հարձակում են նախապատրաստում Լաչինի եւ Կուբաթլուի վրա» հոդվածը՝ հղում անելով Հայաստանի եւ Իրանի կողմից իբր սպասվող ագրեսիայի մասին «օպերատիվ տեղեկատվությանը»։ Հիշեցնենք, որ այս ամբողջ տեղեկատվությունը ուղղակիորեն վերահսկվում եւ մատուցվում է անմիջապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի բոլոր նախկին գործողություններն ուղեկցվել են նմանատիպ տեղեկատվական արտանետումներով։

Հոդվածում, հղում անելով դիվանագիտական աղբյուրների օպերատիվ տեղեկատվությանը, ասվում է, որ Հայաստանի եւ ԻՀՊԿ-ի 30 զինծառայողներից բաղկացած դիվերսիոն խմբի մասնակցությամբ ինչ-որ սադրանք է նախապատրաստվում։ Օպերատիվ խմբի ղեկավարը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ է, ում անունը հայտնի է Ադրբեջանի կառավարությանը, պնդում է հրատարակությունը։ «Դատելով haqqin.az-ին հասած տեղեկություններից՝ դիվերսիոն խումբը նախատեսում է երկու անընդմեջ հարձակում կազմակերպել Ադրբեջանի Լաչինի եւ Կուբաթլուի շրջանների ուղղությամբ։ Ադրբեջանական բանակի դիրքերից մեկի վրա առաջին հարձակումը կիրականացվի մի խումբ զինծառայողների կողմից՝ Հայաստանի ԶՈՒ-ի համազգեստով, որոնց առջեւ խնդիր է դրված «ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը»։ Երկրորդ խումբը՝ ադրբեջանական բանակի համազգեստով, կհարձակվի հայկական դիրքերից մեկի վրա եւ կոչնչացնի այնտեղ գտնվող բոլոր զինվորներին։ Ընդ որում, կնկարահանվեն հայ զինվորների սպանության տեսարաններ, ինչպես նաեւ ադրբեջաներեն ելույթ... Նախատեսվող դիվերսիայի հիմնական նպատակը ԵՄ առաքելության համար Ադրբեջանի կողմից ագրեսիայի եւս մեկ ակտի ու ադրբեջանական բանակի վայրագությունների մասին ապացույցներ հավաքելն է»,- գրում է ԶԼՄ-ն։