Դատավոր Զարուհի Նախշքարյանին ի աջակցություն՝ փաստաբանները «Ֆեյսբուքում» ֆլեշմոբ են կազմակերպել:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը

Ես՝ փաստաբան Երվանդ Վարոսյանս (արտոնագիր 776), ուսումնասիրելով դատավոր Զարուհի Նախշքարյանի ( Zaruhi Danielyan ) ներկայացուցիչների հրապարակած՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ հայտարարում եմ.

1/ միջնորդության փաստական հիմքը կազմող դատավորի հրապարակային խոսքն ակնհայտորեն տեղավորվում է արտահայտման ազատության՝ միջազգային չափորոշիչներով դատավորին թույլատրված սահմաններում։

2/ այդ պայմաններում արդարադատության նախարարի միջնորդությունը դատավորի նկատմամբ գործադիրի կարգապահական լիազորության չարաշահում է եւ ինքնին ոտնձգություն է Սահմանադրական հիմնարար արժեքների, հատկապես՝ խոսքի ազատության, դատավորի անկախության, իշխանությունների տարանջատման նկատմամբ։

Փաստաբան գործընկերներիս կոչ եմ անում ծանոթանալ միջնորդությանը եւ այս գնահատականը կիսելու դեպքում միանալ սույն հայտարարությանը՝ ինձ նշելով առանձին գրառում կատարելու կամ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելու ձեւով։ Խնդրում եմ նշել արտոնագրի համարը եւս։

Շնորհակալ եմ»:

Ֆլեշմոբին են միացել փաստաբաններ Արամազդ Կիվիրյանը, Գայանե Հովակիմյանը, Կարինե Խաչատրյանը, էդիկ Սերգոյանը, Վարդուհի Էլբակյանը, Դիանա Գրիգորյանը Միքայել Շխիմյանը, Կիմա Սարյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ 4-րդ կարգապահական վարույթն է հարուցվել:

Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» եւ, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։