Ռուսական «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարները պայթեցվել են ամերիկացիների եւ նորվեգացիների կողմից, հայտարարել է ամերիկացի հետաքննող լրագրող, Պուլիտցերյան դափնեկիր, Սեյմուր Հերշը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։ Հերշը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ ինքն է նյութի հեղինակը։

Գործողությունը ԱՄՆ Կոնգրեսից գաղտնի նախապատրաստվել է 2021 թվականի վերջից՝ նախագահ Բայդենի ցուցումով։ Ռումբերը, իբր, տեղադրվել են ամերիկացի սուզորդների կողմից 2022 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի տակ, իսկ երեք ամիս անց գործարկվել են նորվեգացի մասնագետների կողմից։

«Հեռակառավարվող ռումբերը «Հյուսիսային հոսքերում» տեղադրվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձր որակավորում ունեցող սուզորդների կողմից դեռ անցյալ տարվա հունիսին՝ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի BALTOPS-2022 զորավարժությունների քողի ներքո։ Իսկ սեպտեմբերին գործարկվել են նորվեգական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից»,- գրում է Հերշը։

Ինչպես են պայթեցրել «Հյուսիսային հոսքերը»

Հերշի վարկածով՝ հենց նորվեգացի զինվորականներն են առաջարկել օգտագործել ավանդական BALTOPS ամառային զորավարժությունները՝ որպես գաղտնի առաքելության քողարկում՝ ամերիկացի էլիտար սուզորդների համար։ ԱՄՆ-ն, իր հերթին, հասել է մանեւրային ծրագրում հետազոտական մասի ներառմանը՝ ըստ լեգենդի, Բորնհոլմի ափերի մոտ ՆԱՏՕ-ի սուզորդները պետք է ուսումնական ականներ դնեին եւ փորձեին հայտնաբերել ու չեզոքացնել դրանք:

Ի սկզբանե ԿՀՎ-ն նախատեսել է 48-ժամյա թայմեր տեղադրել ռումբերի վրա: Բայց ավելի ուշ նա մտափոխվել է՝ երկօրյա պատուհանը չափազանց ակնհայտ է դարձրել պայթեցմանը ԱՄՆ-ի մասնակցությունը: Սպիտակ տանը խնդրել են ռումբերը շատ ավելի ուշ Վաշինգտոնի հրամանով պայթեցնելու միջոց գտնել:

Լուծումը գտնվել է։ Սեպտեմբերի 26-ին Նորվեգիայի ռազմածովային ուժերի P8 հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել այն վայրի վրայով, որտեղ ամռանը տեղադրվել է C4-ը, եւ հիդրոակուստիկ բույ է գցել։ Այն սկսել է արձակել յուրօրինակ ցածր տոնայնությամբ ազդանշաններ, որոնք ճանաչվել են «Հյուսիսային հոսքերում» տեղադրված «խելացի» ռումբերի կողմից։ Սկսվել է հետհաշվարկ, որին մի քանի ժամ անց հետեւել են պայթյունները:

Սեյմուր Հերշը գրում է, որ պայթյուններից հետո ամերիկյան լրատվամիջոցները դրանք ներկայացրել են որպես չբացահայտված գաղտնիք։ «Ոչ մի խոշոր թերթ չցանկացավ խորանալ Բայդենի եւ Նուլանդի կողմից խողովակաշարերի դեմ նախկինում հնչեցրած սպառնալիքների մեջ»,- նշել է լրագրողը։

Պենտագոնում պայթեցման մեղադրանքները հերքում են

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը կապ չունի «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցման հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Գարոն Գերնը։

«ԱՄՆ-ն առնչություն չունի «Հյուսիսային հոսքի» պայթյունի հետ», - ասել է նա:

Գերնը նաեւ հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը պնդել էր, որ «ԱՄՆ-ը ոչ մի առնչություն չունի» այս միջադեպերի հետ։

ՌԴ ԱԳՆ. Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Ռուսաստանի դիրքորոշումը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներգրավվածության վերաբերյալ

Ռուսաստանը բազմիցս խոսել է «Հյուսիսային հոսքերի» պայթյուններին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների առնչության մասին, եւ այժմ Սպիտակ տունը պետք է մեկնաբանի, չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Ռուսաստանի դիրքորոշումը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներգրավվածության վերաբերյալ՝ նշելով, որ նրանք չեն թաքցրել դա՝ աշխարհով մեկ պարծենալով քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու իրենց մտադրության մասին, որոնց միջոցով Եվրոպան ստանում էր ռուսական էներգառեսուրսները»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

«Մենք պարբերաբար նշում էինք նաեւ, որ Դանիան, Գերմանիան եւ Շվեդիան չեն ցանկանում բաց հետաքննություն անցկացնել եւ դրանում Ռուսաստանի մասնակցության վարկածին դիմակայել։ Եվ դա չնայած այն բանին, որ մեր երկիրը հսկայական ծախսեր է կատարել։ Այս բոլոր փաստերն այժմ պետք է մեկնաբանվեն Սպիտակ տանը»,- հավելել է Զախարովան։