Անցյալ տարի Jaguar Land Rover ընկերությունը աշխարհում վաճառել է 330 781 ավտոմեքենա, ինչը 21,4%-ով պակաս է, քան 2021 թվականին, սակայն չորրորդ եռամսյակը հազվագյուտ հաջող է եղել՝ բրիտանական երկու՝ Jaguar եւ Land Rover ապրանքանիշները վաճառքի աճ են գրանցել, իսկ ընկերությունը 2020 թվականից առաջին անգամ 261 միլիոն ֆունտ սթեռլինգ շահույթ է ունեցել, հայտնում է «Колеса»-ն:

Սա հիմնականում շնորհիվ բարձրակարգ առաջատար ամենագնաց Range Rover-ի, որն անցյալ տարի արժեցել է միջինը 180 000 ֆունտ, իսկ Մեծ Բրիտանիայում բազային արժեքը եղել է 99 375 ֆունտ:

Range Rover-ի գնորդները պատրաստ են պատվիրել թանկարժեք տարբերակներ եւ օգտվում են SV Bespoke ատելյեի ծառայություններից, որտեղ արտադրվում են Range Rover-ի ամենաէլիտար տարբերակները: Անցյալ տարի ատելյեն ԱՄՆ-ի համար պատրաստել է 17 «կարամելային» Range Rover SV Carmel Edition ամենագնաց՝ յուրաքանչյուրը 375 000 դոլար արժողությամբ։ Այժմ Մեծ Բրիտանիայի համար կա ավելի պարզ մոխրագույն տարբերակ, որը կոչվում է Lansdowne Edition, այն արտադրվել է 16 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը հաճախորդի համար 250 000 ֆունտ է արժեցել: Համեմատության համար ասենք, որ Rolls-Royce Cullinan-ի գները Մեծ Բրիտանիայում սկսվում են 264 000 ֆունտից, Bentley Bentayga-ինը՝ 162 500 ֆունտից: Լանսդաուն անվանումը վերաբերում է 17-րդ դարի նրբագեղ Լանսդաուն առանձնատանը եւ նույնանուն մասնավոր ակումբին Մեյֆերում՝ Լոնդոնի ամենահեղինակավոր շրջաններից մեկում: Այստեղ Մեյֆերում՝ Բերքլի փողոցում վերջերս բացվել է Land Rover-ի վերանորոգված բուտիկը, իսկ Lansdowne House-ը գտնվում է նույն փողոցի եւ Բերքլիի հրապարակի խաչմերուկում։ Range Rover SV Lansdowne Edition-ը Lansdowne House-ի եւ Մեյֆերի այլ շքեղ անշարժ գույքի մթնոլորտի արտացոլումն է:

Թափքը ներկված է բացառիկ Lansdowne Grey Gloss մոխրագույնով, իսկ տանիքը եւ հայելիների կորպուսները՝ ավելի մուգ Corris Grey Gloss-ով: Նույն երկու երանգով ձեւավորված են անիվների 23 դյույմանոց դիսկերը եւ թափքի դեկորատիվ հավելումները։ Կան նաեւ պիկնիկի կաշվե աթոռներ բեռնախցիկում, եզակի LED լուսավորություն, մետաղից եւ կերամիկայից պատրաստված նշաններ եւ տարբերանշաններ՝ պատրաստված ոսկերչական տեխնոլոգիայի եւ լազերային փորագրության միջոցով: Երկրորդ շարքում երկու առանձին նստարաններով սրահը պատված է կարմիր փայտի գույնի կաշվով, հատակին դրված են սեւ փայտի գույնի կաշվից եւ բրդից գորգեր: Շեմերին SV Bespoke - Lansdowne Edition 1 of 16 գրառումներ եւ լուսադիոդային լույսեր կան:

Տեխնիկական հագեցածության մասին ոչինչ չի ասվում, բայց, հավանաբար, այն ստանդարտ կլինի լավագույն P530 տարբերակից, որը հագեցվում է BMW-ի արտադրած 530 ձիաուժ հզորությամբ 4,4 լիտրանոց V8 բենզինային շարժիչով: