ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման բանակցությունները եզրափակիչ փուլում են, հարցերի մեծ մասը համաձայնեցված է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։

Դիվանագետը նշել է, որ հունվարի 19-ին ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի Թեհրան կատարած այցի ընթացքում ԵԱՏՄ-ն եւ Իրանը համաձայնեցրել են հարցերի մեծ մասը՝ ԱԱԳ-ի ստեղծման վերաբերյալ բանակցություններն ավարտելու համար։

«Չլուծված է մնում ագրարային արտադրանքի որոշ տեսակների փոխադարձաբար շուկա դուրս գալու հարցը, որն այժմ քննարկման փուլում է»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի ավարտից հետո համաձայնությունը պետք է արժանանա ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների եւ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հավանությանը։

«Չնայած դա բավական աշխատատար գործընթաց է, հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության կարեւորությունը՝ կարելի է հուսալ, որ կողմերը շահագրգռված կլինեն այն իրականացնել առավելագույն սեղմ ժամկետում»,- նշել է Դեդովը։

Ռուս դեսպանը նաեւ նշել է, որ շնորհիվ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի գործողության՝ Թեհրանը էապես ավելացրել է միության երկրներ իր գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները։