Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրն այցելել է Փարիզ, եւ, դիմելով Էմանուել Մակրոնին ու Օլաֆ Շոլցին, խնդրել կործանիչներ մատակարարել։ Մինչ այդ Զելենսկին ստացել էր Մեծ Բրիտանիայի՝ ուկրաինացի օդաչուներին ՆԱՏՕ-ի արդիական կործանիչներ վարելու հմտություններն ուսուցանելու խոստումը։

Պատերազմն սկսվելուց հետո իր երկրորդ արտասահմանյան ուղեւորության ժամանակ Զելենսկին, Ֆրանսիա թռչելուց առաջ, Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի եւ թագավոր Չառլզ III-ի հետ։

Փարիզում Ուկրաինայի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Երկուսն էլ Զելենսկուն խոստացել են շարունակել Ուկրաինային աջակցությունը՝ չորեքշաբթի երեկոյան Կիեւի կարիքները քննարկելու նախօրեին։

«Մենք շատ քիչ ժամանկ ունենք։ Ես հիմա խոսում եմ զենքի մասին, որն անհրաժեշտ է խաղաղության եւ Ռուսաստանի սկսած պատերազմը դադարեցնելու համար,- ասել է Զելենսկին։- Ֆրանսիան եւ Գերմանիան խաղի կանոնները փոխելու հնարավորություն ունեն, եւ հենց այդպես եմ ես տեսնում մեր այսօրվա բանակցությունները։ Որքան ավելի շուտ մենք ստանանք մեծ հեռահարության ծանր զենք, իսկ մեր օդաչուները ժամանակակից ինքնաթիռներ ստանան, այնքան ավելի արագ կավարտվի ռուսական ագրեսիան»։

Եվրոպան եւ Միացյալ Նահանգները կաջակցեն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում այնքան, որքան պահանջվի, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ավելացնելով, որ Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին։

Ելույթ ունենալով Փարիզում՝ Շոլցն ասել է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հինգշաբթի ԵՄ-ի գագաթաժողովում Կիեւի հետ համերաշխության հզոր ազդանշան կուղարկեն։

«Ես Բրյուսելին հստակ ազդանշան կուղարկեմ. Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին»,- ասել է Շոլցը։

Ֆրանսիան «տրամադրված է, որպեսզի օգնի Ուկրաինային՝ հաղթելու եւ վերականգնելու իր օրինական իրավունքները», ասել է Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ընթրիքից առաջ՝ ավելացնելով, որ Փարիզը «կշարունակի Կիեւին զենք հասցնելու ջանքերը»։

Բրիտանացի օրենսդիրների առջեւ ունեցած ելույթում Զելենսկին նաեւ ընդգծել է իր կոչը Կիեւին մարտական ինքնաթիռներ տրամադրելու մասին, որոնք նա անվանել է «ազատության թեւեր»։ Արեւմտյան երկրները մինչ այժմ այնպիսի ինքնաթիռներ կամ զենք չեն տրամադրել, որոնց օգնությամբ Ուկրաինայի ԶՈւ-ն կկարողանար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում։

Զելենսկու հետ մամուլի համատեղ ասուլիսում Ռիշի Սունակն ասել է, որ «ոչինչ չի բացառվում», երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարելու համար կործանիչներ մատակարարելուն։

«Արդիական ինքնաթիռների հանձնման առաջին քայլը զինվորականների կամ օդաչուների առկայությունն է, որոնք կկարողանան օգտագործել դրանք։ Դա որոշ ժամանակ պահանջող գործ է։ Մենք այդ գործն սկսել ենք այսօր»,- ասել է Սունակը։

Մեծ Բրիտանիան հայտարարել է ուկրաինացի զինվորականների ուսուցման ծրագրերն ընդլայնելու պլանների մասին, որպեսզի ուկրաինացի օդաչուները կարողանան վարել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից ռեակտիվ ինքնաթիռները։