Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում մերժեց «ՅՈՒԳՈՒԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտը:

Նման որոշման համար հիմք է հանդիսացել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է. ««ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊ ընկերությունը նախատեսում է «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում։

Գործարար ծրագրով նախատեսվել է, որ՝

ծրագրի շրջանակներում (2022-2026թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 434,600 հազ. դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի16 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար300,000 դրամ, իսկ կառավարչական անձնակազմի համար՝ 675,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Շահագործման ընթացքում հայտարարվող արտադրության ծավալները 5 տարիների ընթացում նախատեսվում է, որ կկազմեն 2,607,596 հազ. դրամ։

Ընկերությունը նախատեսել է ունենալ մոտ 20քմ տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում՝ 5-րդ տարում հասցնելով այն 110քմ մակերեսի:

Ներկայացված հայտը մանրամասն ուսումնասիրվել է Հանձնաժողովի անդամների կողմից, գործարար ծրագիրը գնահատվել է շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկի հիման վրա:

Գործարար ծրագիրը գնահատվել է 47.3 միջին միավոր: Հաշվի առնելով, որ անցողիկ շեմը սահմանված է 60 միավոր, և գնահատման արդյունքում հայտը չի բավարարել անցողիկ շեմը,նպատակահարմար ենք գտնում մերժել «ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊ ընկերության կողմից «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտը։

Հարկ է ընդգծել, որ Հանձնաժողովի անդամների կողմից առանձնացվել են հետևյալ դիտարկումները.

բիզնես պլանում բացակայում է որոշակի տեղեկատվություն, մասնավորապես՝

արտահանման ուղղությունները և ծավալները/արտահանման կանխատեսվող տարեկան ծավալը, արտահանման ուղղությունները և շուկաները,

ներդրումների բացվածքը`  ըստ հոդվածների, կապիտալ և ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը:

Ընկերության գործունեության տեսակն ուսումնասիրելիս (օրինակ նշված՝ Սփիններ, Տիեզերք գործունեությունը, առավել ևս, որ նշվում է, որ նախատեսված է խաղադրույքների կատարում և շահում)  կարծում ենք, որ առկա է հնարավորություն, որ այն դասվի շահումով խաղերին և համապատասխանաբար վերջինիս մասով կիրառելի լինի «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին»ՀՀ օրենքը։

Սեփական կրիպտո մետաղադրամների թողարկումը, կարծում ենք, ներկայումս ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում։  Միևնույն ժամանակ, բիզնես պլանում նշվում է, օրինակ, որ կրիպտոարժույթների մի քանի տեսակներ, ինչպիսիք են «Bitcoin», «Ethereum», «Litecoin», «Dashcoin», էլ ավելի հաճախ են օգտագործվում ամբողջ աշխարհում և այժմ հանդիսանում են գործնականում ցանկացած գործարքի, նույնիսկ բնակարանի վարձակալության ընդունված տարբերակը, սակայն տվյալ պնդումը գործնականում այդպես չէ, և կան շատ քիչ երկրներ, որտեղ կրիպտոարժույթն ընդունված է որպես թույլատրելի և օրինական վճարման միջոց։

Որոշ պահանջվող հատվածներ ընդհանրապես բացակայում են, ինչպես օրինակ՝ ընթացիկ և կապիտալ ծախսերի բաշխվածությունը, ընդհանուր թողարկումից արտահանման ծավալը ուղղությունները (ենթադրվում է որ արտահանվում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝«սպառվում է» ՀՀ-ում), և գնահատումը հնարավոր է իրականացնել խիստ մոտավոր, հաշվի առնելով, որ առկա են որոշ ընթացիկ ծախսերի գնահատականներ (աշխատատեղ/միջին աշխատավարձ) և ընդհանուր ներդրումներ։ Սակայն այլ ծախսային հոդվածներ ներկայացված չեն։

Առկա են նաև շատ այլ խնդրահարույց հարցեր և ներկայացված գործարար ծրագիրը հնարավորություն չի տալիս լիարժեքորեն գնահատել հայտը»: