Կոնգրեսում «Իրավիճակը երկրում» ելույթից հետո նախագահ Ջո Բայդենն սկսել է շրջագայությունը երկրի նահանգներում, ինչը վճռական նշանակություն ունի 2024թ. վերընտրվելու նրա քարոզարշավի համար, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Չորեքշաբթի օրը Բայդենը մեկնել է Վիսքոնսին, որտեղ, ելույթ ունենալով արհմիության ուսումնական կենտրոնում, հայտարարել է, որ իր քաղաքականությունը կառուցում է «տնտեսություն, որն աշխատում է աշխատավորների համար»։

Դեմոկրատները հույս ունեն, որ Բայդենը կկարողանա օգտագործել տնտեսական ձեռքբերումները եւ ռեկորդային աշխատատեղերի ստեղծումը՝ ընտրողների աջակցությունն ստանալու համար։

Նախագահի հանրային հավանության վարկանիշը կազմել է 41 տոկոս ըստ Reuters/Ipsos-ի հարցման, որն ավարտվել է կիրակի։

Ուղեւորության ժամանակ Բայդենը հիմնական ուշադրություն է դարձնելու մի քանի կարեւոր նահանգների, որոնք, նրա օգնականների կարծիքով, որոշելու են, թե ինչպիսին են վերընտրվելու նրա հնարավորությունները։

Վիսքոնսինը հայտնի է որպես սուր մրցակցությամբ նահանգ։ 2016թ. ընտրողների մեծ մասն այստեղ աջակցել է հանրապետական Դոնալդ Թրամփին, իսկ 2020թ. նախընտրել է Բայդենին։

Հինգշաբթի օրը Բայդենը մեկնելու է Թամպու (Ֆլորիդայի նահանգ), որպեսզի հանդես գա հանրապետականների՝ սոցիալական ապահովության նպաստների եւ Medicare-ի կրճատման առաջարկի դեմ։ Տարեցների խնամքի եւ բուժսպասարկման այդ ծրագրերը մեծ տարածում ունեն ընտրողների շրջանում, հատկապես Ֆլորիդայում, որտեղ տարեց շատ ամերիկացիներ են ապրում։

Դեմոկրատական կուսակցության ղեկավարները մտահոգ են, որ Ֆլորիդայի (որը քաղաքական պայքարի թատերաբեմ է մոտ յոթանասուն տարի) ավելի մեծ թվով բնակիչներ կքվեարկեն հանրապետական թեկնածուների օգտին։

Բայդենը հայտարարել է, որ նախատեսում է առաջադրվել երկրորդ ժամկետով, եւ պաշտոնական հայտարարությունն սպասվում է առաջիկա շաբաթներին։ Նրա ելույթը երեքշաբթի օրը պաշտոնատար անձինք ընկալել են որպես 2024թ. վերընտրվելու քարոզարշավի սկիզբ։