BP Azerbaijan ընկերությունը երկրաշարժերից հետո թուրքական Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթն արտահանելու ֆորս-մաժորային իրավիճակ է հայտարարել։ Այս մասին տեղեկացրել է neftegaz.ru-ն՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը։

Ծանուցումն ուղարկվել է նավթ առաքողներին Ջեյհան ծովային տերմինալում բեռնման գործողությունների ժամանակավոր դադարեցումից հետո։

BP Azerbaijan-ը կառավարում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարի ադրբեջանական եւ վրացական տեղամասերը։ Ադրբեջանը թուրքական Ջեյհան նավահանգիստն օգտագործում է հում նավթի արտահանման համար, այդտեղով օրական մոտ 650 հազար բարել նավթ է անցնում։

Սպասվում էր, որ ԲԹՋ-ն աշխատանքը կվերսկսի փետրվարի 8-ին կամ 9-ին, բայց   առայժմ միայն տերմինալի կրած վնասն է գնահատվում։ Նշվել է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել է կարգավարական կետը։