Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է արձանագրենք մեր քաղաքական կամքը, բայց պետք է ցավով ասեմ, որ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, դատական համակարգում էլ շատ խնդիրներ ունենք: Վերջին օրերին քննարկումներ կային, որ գլխավոր դատախազը ԱԺ էր մտել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ինձ էլ հետաքրքրեց, որ կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է:  Հաջորդ հարցը հետեւյալն է՝ իսկ ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը: Որովհետեւ քննությունները որոշ դեպքերում ուղղակի տեւում են տարիներ: Մենք տեսնում ենք, որ արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում տարիներով՝ չհասնելով կոնկրետ եզրագծի, եւ մարդկանց ընկալումը դրանից փոխվում է: Մարդիկ չեն հասկանում սա:

Դատական իշխանության անկախության հետ կապված մենք խնդիր չունենք, բայց մյուս կողմից այս հարցերը մեզ անհանգստացնում են»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա թվարկեց, որ վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներ են եղել տարբեր ոլորներում՝ հավելելով. «Բայց մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետեւից վազելով բռնենք: Մեր խնդիրը կոռուպցիան կանխարգելելն է»: