Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն և թմրանյութ պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն են ստացել, որն իրացնելու համար մեկնել են մայրաքաղաք և համագործակցել քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հունվարի 30-ին, ժամը 20.20-ին, Երևանի Հերացու փողոցում ձերբակալվեցին և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին Ջերմուկում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 32-ամյա մի տղամարդ և նրա երևանցի 30-ամյա ընկերը: Մինչ այդ, մի քաղաքացի իջել էր մեքենայից և հեռացել Համալսարանական հիվանդանոցի ուղղությամբ: Ճշտվեց նաև նրա ինքնությունը` Ջերմուկում հաշվառված 30-ամյա տղամարդ էր: Քիչ ավելի ուշ նա նույնպես ձերբակալվեց և տեղափոխվեց նույն բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն կատարվեց մեքենայում: Պայուսակում կար «Բերետայի» նմանվող մարտական ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, իսկ վարորդի դռան պահոցում` «Մակարով» տեսակի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով: Սրահում հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ:

Առաջին երկու ձերբակալվածները կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են», - ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: