Արցախի հարգելի՛ գործընկերներ, ներողություն եմ խնդրում գործող իշխանությունը ներկայացնող տարբեր պատգամավորների արտահայտությունների համար, որոնք հնչեցվել են այս ամբիոնից: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Այդ արտահայտությունները, ինչպես նշեց Մանուկյանը, 180 աստիճանով հակասում են Հայաստանի եւ Արցախի շահերին։ «Բայց, Արցախի հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ անկեղծ ասել՝ Դուք դրան արժանի եք։ Սա հատկապես վերաբերում է Արցախում իշխող քաղաքական ուժին։ Հարգելի՛ պատգամավորներ, Դուք արժանի եք դրան։ Քանի տարի է՝ մենք Ձեզ ասում ենք, որ Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը չի սպասարկում հայ ժողովրդի եւ Արցախի շահերը, այլ ճիշտ հակառակն է անում։ Հույս ունեիք, որ կարող եք ինչ-որ բա՞ն փոխել: Հիմա տեսնո՞ւմ եք, որ չեք կարող»,-ասաց Մանուկյանը։