Չինական «լրտես-օդապարիկը, որն անցած հանգստյան օրերին խփվել է Հարավային Կարոլինայի մոտ, Չինաստանի զինված ուժերի կողմից իրականացվող հետախուզական մեծ ծրագրի մի մասն էր։ Այս մասին տեղեկացրել է Fox News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի եւ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Հեռուստաալիքը նշել է, որ օդապարիկների օգնությամբ իրականացվող հետախուզությունը հիմնականում իրականացվել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի կողմից  Հայնան չինական կղզու տարածքում, ինչպես նաեւ Ճապոնիայում, Թայվանում, Վիետնամում, Ֆիլիպիններում եւ Հնդկաստանում։

Հետախուզական տվյալների հավաքման համար օգտագործվող օդապարիկներն ԱՄՆ-ի երկնքում ավելի վաղ էլ են հայտնաբերվել։ Չինական եւս մեկ «լրտես-օդապարիկ» հայտնաբերվել էր չորս ամիս առաջ. այն Հավայներից ոչ հեռու ընկել է Խաղաղ օվկիանոսը։

«Այժմ մենք ավելի շատ բան գիտենք օդապարիկների օգտագործմամբ չինական այդ ծրագրի ծավալների մասին, ԱՄՆ-ի հետախուզությունը եւ Պենտագոնը դրան հետեւում են արդեն մի քանի տարի»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գեներալ Փատրիկ Ռայդերը։