Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով չորս մարդ է մահացել, հայտնել է Պապուա նահանգի Ջայապուրա քաղաքի Աղետների հետեւանքների վերացման գործակալությունը (BPBD):

«Մեր տվյալներով՝ հաստատվել է չորս մարդու մահ։ Մենք դեռ տեղեկություն ենք հավաքում», - ասել է BPBD ղեկավար Ասեպ Խալիդը։

Նա հավելել է, որ երկրաշարժի հետեւանքները զգացվել են ամբողջ քաղաքով։ Վնասվել են բնակելի տներ եւ կառավարական շենքեր։

Ինդոնեզիայի արեւելյան Պապուա նահանգում հինգշաբթի տեղական ժամանակով 13։28-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի մայրաքաղաք Ջայապուրայից 1 կմ հարավ-արեւմուտք՝ 10 կիլոմետր խորության վրա։