Որոշ խորամանկություն է նկատվում, խոսվում է այսպես կոչված միջանցնքերի, ինչ-որ գործողությունների մասին, բայց Իրանը եւ Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։ Այս մասին «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ փետրվարի 9-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

Նա նշել է այն մասին, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը եւ Իրանն աշխատեն այս ուղղությամբ՝ հանդես գալով նախաձեռնություններով։ «Չպետք է թույլ տանք, որպեսզի նախաձեռնությունը բխի մեկ այլ կողմից, իսկ մենք ընդամենը համապատասխանենք դրան։ Հակառակը, մենք պետք է ինքներս հանդես գանք նախաձեռնությամբ։ Մենք պետք է նայենք, թե ինչ քայլեր են հարկավոր, ոչ թե սպասենք, որպեսզի լինի ինչ-որ միջանցքի բացման նախաձեռնություն, իսկ հետո արդեն մտածենք, թե ինչ դիրքորոշում զբաղեցնենք ու արտահայտենք այն։ Մենք չպետք է դա թույլ տանք»,- ասել է դեսպանը։

Նա կարեւոր խնդիր է համարել պատմական փաստերի աղճատումը, եւ եթե չլինեին տարածքային փոխանակումները, ապա այսօր, նրա գնահատմամբ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող էր այլ լինել։ «Այլ երկրները ցանկանում էին, որ իսլամական հեղափոխությունը ձախողվեր։ Դա հանգեցրեց իրանա-իրաքյան պատերազմին, որի արդյունքներով Իրանը ոչ մի թիզ հող չկորցրեց։ Դա ապացուցում է, որ ժողովրդի միասնությունը կարող է հասնել հաջողության անգամ 40-ամյա պատժամիջոցների պայմաններում։ Այդ օրինակին կարող են հետեւել  նաեւ այլ երկրները»,- ասել է Աբաս Բադախշան Զոհուրին։