Շատ շուտով Իրանում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։   

Նշենք, որ խոսքը Թավրիզում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու ծրագրերի մասին է։   

Նա համոզմունք հայտնեց, որ այն հարցերը, որոնք բարձրացվում են փորձագիտական մակարդակով, պետք է վերածվեն պահանջի եւ պետք է ձեւավորվի օրակարգ՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների։  

«Երկու երկրների ղեկավարներն ուշադիր հետեւում են իրադարձությունների զարգացմանը։ Երկու երկրներն էլ պետք է ունենան հատուկ օրակարգ։ Մենք եղել ենք, կանք եւ կլինենք հարեւաններ»,-նշեց դեսպանը։

Նա օրինակելի քայլ համարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։

Հիշեցնենք, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։