ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները զգալի վերընթաց կապրեն:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ՝ անհրաժեշտ համարելով տարբեր ձևաչափերով բազմակողմ համագործակցության ծավալումը:

Միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շրջանակում կարևորվել է բարեկամության խմբերի դերը: ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է այն փաստը, որ վերջերս Պորտուգալիայի խորհրդարանում եւս ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ: Կողմերը խոսել են բազմաբևեռ համագործակցության հնարավորություններից՝ շեշտելով առողջապահության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, հասարակական և գիտատեխնիկական բնագավառներում համագործակցության ակտիվացումը:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելուն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է.

«Տիկի՛ն դեսպան, Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա խաղաղության հաստատման օրակարգով: Սակայն հարկ եմ համարում փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը  Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակման պատճառով»:

Նա հավելել է, որ միջազգային գործընկերներին կոչ է արվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար՝  ներառյալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: