Հինգշաբթի առավոտյան Նովոսիբիրսկի հինգ հարկանի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, երկու մուտքերը մասնակի փլուզվել են։ Վերջին տվյալներով՝ արդյունքում հինգ մարդ է մահացել։ Ավելի վաղ այս շաբաթվա սկզբին գազի պայթյունից փլուզվել էր Տուլայի շրջանի Եֆրեմով քաղաքի հինգհարկանի շենքի մուտքը։

Նովոսիբիրսկի 1966 թվականին կառուցված շենքում ընդհանուր 4 մուտք է, որոնցից յուրաքանչյուրում՝ 15 բնակարան։

Վերջին տվյալներով՝ դեպքի հետեւանքով մահացել է 5 մարդ, այդ թվում 2 տարեկան երեխա։  ՏԱՍՍ-ը, բժշկական ծառայություններին վկայակոչելով, հաղորդում է, որ փլատակների տակ կարող է եւս յոթ մարդ գտնվել։

Նահանգապետ Տրավնիկովը հայտարարել է, որ շենքը չեն վերականգնելու, իսկ բոլոր բնակիչներին կտարաբնակեցնեն։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238 հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում):

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նախօրեին շենքի բնակիչները գազի ծառայությանն էին դիմել գազի արտահոսքի պատճառով։

Երեքշաբթի՝ Փետրվարի 7-ին Տուլայի շրջանի Եֆրեմով քաղաքի բնակելի շենքում գազի պայթյուն էր տեղի ունեցել։

Պայթյունի հետեւանքով այնտեղ նույնպես փլուզվել էր մուտքերից մեկը, ինչի հետեւանքով ութ մարդ էր մահացել։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազային սարքավորման անսարքության պատճառով։