2022 թվականի 9 ամսվա տվյալով ներդրումների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն էապես է ազդել, մոտ 700 մլն դոլարի է հասել, հույս կա, որ տարվա արդյունքներով մենք կունենանք նույնիսկ մեկ միլիարդին մոտիկ թիվ՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում։  Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կառավարությունը խոստացել է, որ համախառն ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ–ին պետք է հասցվի մինչեւ 25 տոկոսի, հենց դրանում ենք մենք տեսնում տնտեսության կառուցվածքային փոփոխությունը։ Հիմա մենք 17,7–18 տոկոսի սահմանագծում ենք։ Մենք հիմա բազմաթիվ միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի հասնենք դրան, ինչպես նաեւ շուտով կընդունվի ներդրումային քաղաքականության ռազմավարությունը, որը շատ ծանրակշիռ փաստաթուղթ է, մենք կարծում ենք, որ դրա կիրարկումը կապահովի ներդրումային լավ հոսք։ Օտարերկրյա ներդրումների առումով մենք ուշադրությունը դարձնում ենք աշխարհի 500 խոշորագույն ընկերություններին Հայաստան բերելու ուղղությամբ, որովհետեւ այդ ընկերությունները միասին երկու անգամ ավելի շատ գումար են ծախսում գիտահետազոտական աշխատանքների եւ գիտության զարգացման վրա, քան աշխարհի բոլոր Կառավարությունները եւ էդ բոլոր ընկերությունները միասին վերցված։ Ըստ էության, այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գերարժեքավոր է»,– ասաց Էկոնոմիկայի նախարարը եւ հավելեց, որ այդ 500 ընկերություններից մեկը նախորդ տարի մտել է Հայաստան, առաջիկայում սպասվում է եւս մեկ ընկերություն կգա Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։