Նոր անվտանգության համակարգ ստեղծե՞լ եք, որ ՀԱՊԿ-ից հրաժարվում եք. սա նոր պատերազմի շեմ է մեզ համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«ՀԱՊԿ-ում հարցը, որ Հայաստանը դրել է որպես նախապայման, որ՝ եկեք, դատապարտեք Ադրբեջանին հարձակումները եւ մեր տարածքի հետ կապված սուվերենության խախտումները, որ նոր սկսենք մյուս պրոցեսը: Լավրովը պարզ բացատրեց, որ դրա շուրջ կոնսենսուս չի եղել, չի ասում՝ բոլորը դեմ են եղել, ասում է՝ ոչ բոլորն են համաձայնվել, իսկ երբ ոչ բոլորն են համաձայնվում, ՀԱՊԿ-ը չի կարող դա կատարել, բայց մյուս հարցով ասում է՝ բոլորը համաձայն են եղել: Հարց է առաջանում, այն մեկով կոնսենսուս չի եղել, այս մեկով կոնսենսուս է եղել, Հայաստան ինչո՞ւ չի համաձայնվել: Կա կոնսենսուս, որ ՀԱՊԿ-ը գա այստեղ կանգնի, Հայաստանն ասել է՝ չէ, քանի իմ ասածը չեք արել, ես սրան դեմ եմ. սա ի՞նչ մոտեցում է: Բավական է ժողովրդին մոլորեցնեն: Մեր անվտանգության խնդիրներն ինքներս ենք առաջացնում»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով այն խոսքին, որ Սոթքում եւ Ջերմուկում ռուս սահմանապահներ են տեղակայված, սակայն Հայաստանը Ադրբեջանի հարձակումից չպաշտպանեցին, Ռուստամյանն ասաց. «Սրանք այն խնդիրներն են, որոնք պետք է դնել այդ հարցերի ժամանակ: Քանի որ դա այդպես է եղել, ուրեմն ՀԱՊԿ-ն այլեւս այստեղ անելիք չունի, ուրեմն մենք այդ անվտանգության համակարգից պետք է հրաժարվե՞նք, նորը ստեղծե՞լ եք, որ դրանից հրաժարվում եք: Սա նոր պատերազմի շեմ է մեզ համար»:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությանը քաղաքական դաշտից հեռանալու կոչերին, պատգամավորն ասաց. «Եթե իրենք կգնան, համաձայն եմ, երկուսով էլ գնանք, թող նորերը գան: Մենք խնդիր չունենք, թող ժողովուրդը որոշի: Եթե նրանք մեզ հետ կգան, այդ զիջողությունը մենք կանենք: Ակնհայտ է, որ այդ բոլորը պոպուլիստական խնդիրներ են լուծում: Ի՞նչ է նշանակում խանգարում եք, իրենք էլ են խանգարում, այդ նույն ընտրությունների արդյունքով չի՞ ձեւավորվել այս խորհրդարանը»: