Հունաստանը նախատեսում է գնել իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերության կողմից արտադրվող Spike NLOS հեռահար հրթիռային համալիրները, գրում է Kathimerini թերթը։

Հրապարակման համաձայն՝ Արտաքին գործերի եւ պաշտպանության կառավարական խորհուրդը (KYSEA) որոշել է վերականգնել իսրայելական արտադրության Spike NLOS-ի գնման ընթացակարգը։ Հրթիռները նախատեսված են ցամաքային զորքերի եւ նավատորմի կողմից օգտագործելու համար։

Նշվում է, որ գնումների քննարկումը սառեցվել էր Հունաստանում համալիրների արտադրության տեղայնացման շուրջ տարաձայնությունների պատճառով։ Սակայն KYSEA-ի հայտարարության մեջ նշվում է, որ Spike NLOS ծրագիրը կիրականացվի Հունաստանի պաշտպանական համալիրի «ընդլայնված մասնակցությամբ»:

Իսրայելական հրթիռների արտադրությունում հունական ընկերությունների մասնակցության վերաբերյալ մանրամասները չեն նշվում։