Կառավարությունը 11,580.0 հազար դրամ կհատկացնի՝ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին անձնագիր տալու համար նախատեսված պետական տուրքը վճարելու համար: Նման որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում:

Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2022թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 197 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:

Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (75 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (122 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: