Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված համընդհանուր ընտրությունները կարող են չկայանալ երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետեւանքների պատճառով, բայց Արդարություն եւ զարգացում (ԱԶԿ) կառավարող կուսակցությունում առայժմ չեն քննարկում դրանց չեղարկումը, նշվել է TGRT Haber հեռուստաալիքի կայքում։

Անցած երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արեւելքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով, ամենաուժեղն էր 1939-ից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 29,5 հազարը, վիրավորների թիվն ավելի քան 80 հազար է։

«ԱԶԿ-ի իրավասու կոմիտեներում ոչ մի գնահատական չի տրվել ընտրությունների օրը փոխելու կամ դրանք չեղարկելու մասին։ Սակայն մայիսի 14-ի տարբերակը սկսել է «թուլանալ»։ Մյուս կողմից՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության միջանցքներում լուրեր են պտտվում, որ նախագահ Թայիփ Էրդողանը ընտրությունները առնվազն 1 տարով կհետաձգի։ «İyi» («Լավ կուսակցություն») կուսակցության նախագահ Մերալ Աքշեները թղթակիցներին, որոնք նրա հետ մեկնել են երկրաշարժի գոտի, ասել է, որ ենթադրում է, որ մայիսի 14-ին նախատեսված ընտրությունների օրը կհետաձգվի, բայց չի կարծում, թե դրանք կչեղարկվեն,- նշվել է կայքի գրառման մեջ։

TGRT Haber-ը մեջբերել է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ընտրությունների հետաձգման միակ պատճառ կարող է հանդիսանալ պատերազմական վիճակը։

«Հոդված 78-ում գրված է. «Եթե ընտրությունների անցկացումն անհնար է պատերազմի պատճառով, խորհրդարանը կարող է որոշում ընդունել ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին»։ Մյուս կողմից՝ քննարկվում է այն հնարավորությունը, որ YSK-ն (Բարձրագույն ընտրական հանձնաժողովը) որոշում կընդունի ընտրությունների անցկացման անհնարինության մասին՝ երկրաշարժերի հետեւանքների պատճառով»,- նշել է հեռուստաալիքը։

Գործող նախագահ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական) երկրում նշանակված են մայիսի 14-ին։ Թուրքիայի նախագահը տեղեկացրել էր, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ն ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր, իսկ եթե խորհրդարանը դա չանի, ինքը կօգտագործի նախագահի իր լիազորությունները։ Էրդողանի լիազորությունները բավական են խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու համար՝ հրամանագրից 60 օր հետո։ Էրդողանը գալիք ընտրություններում լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն։ Վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան առայժմ թեկնածու չի ներկայացրել։