1454 թվականի մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ իտալացի ճանապարհորդ, ծովագնաց եւ գրող Ամերիգո Վեսպուչին։ Ամենատարածված վարկածն ասում է, որ Ամերիկան նրա պատվին է անվանակոչվել, հայտնում է «Биограф»-ը։

Երկար ժամանակ աշխարհը չգիտեր ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի արժանիքների մասին, որը մանրամասն ուսումնասիրել էր հարավամերիկյան մայրցամաքը։ Ավելին, շատերը նրան անվանել են ստախոս եւ գրագող, որը ոտնձգություն է արել մեծ Կոլումբոսի փառքի դեմ: Միայն որոշ ժամանակ անց ակնհայտ դարձավ ճանապարհորդի հսկայական ներդրումը աշխարհագրության զարգացման գործում։ Իտալացու շնորհիվ աշխարհն իմացավ Հարավային Ամերիկայի ճշգրիտ դիրքի, չափերի, կլիմայական առանձնահատկությունների, ինչպես նաեւ այնտեղ բնակվող աբորիգենների կյանքի մասին։

Ճանապարհորդը ծնվել է 1454 թվականի մարտի 9-ին՝ Ֆլորենցիայում։ Տղայի հայրը՝ Անաստասիո Վեսպուչին, աշխատում էր նոտարական գրասենյակում եւ միջին խավի մարդ էր։ Մոր կենսագրության մասին տեղեկություններ պատմության մեջ չեն պահպանվել, հայտնի է միայն, որ նրա անունը Լիզաբետա դի Ջովանի Մինի է եղել։ Բացի Ամերիգոյից, ընտանիքում կար եւս երկու որդի՝ Անտոնիոն, որը հետագայում դարձավ պիզացի գիտնական, եւ Ջերոնիմոն, որը առեւտրի ոլորտում կարիերա արեց։ Ապագա ծովագնացը հանգիստ, հեզ բնավորություն ուներ։ Նա նախընտրում էր գրքեր ուսումնասիրել, քան չարություն ու խուլիգանություն անել, իսկ արդեն նախադպրոցական տարիքում կարող էր պարծենալ ֆիզիկայի, աստղագիտության եւ ծովային աշխարհագրության բնագավառում գիտելիքների բարձր մակարդակով։ Տղայի ուսուցիչը նրա հորեղբայր Ջորջիոն էր, որն օգնել էր նրան սովորել լատիներեն եւ պատրաստել էր Պիզայի համալսարան ընդունվելու։

Համալսարանն ավարտելուց հետո Ամերիգոն դարձավ դիպլոմավորված տնտեսագետ։ Ի ծնե հետաքրքրասեր տղան մի անգամ ձեռք բերեց Միջերկրական ծովի հին քարտեզը եւ սկսեց մանրակրկիտ ուսումնասիրել այն: Հետագայում իտալացին ինքնուրույն յուրացրեց քարտեզագրությունը, սովորեց հասկանալ նավիգացիոն համակարգերը եւ ուսումնասիրեց ծովային նավերի կառուցվածքը։ Վեսպուչին երկար ժամանակ զբաղվում էր կոմերցիոն եւ ֆինանսական գործերով, եւ չէր էլ մտածում մեծ հայտնագործությունների մասին։ 1490 թվականին երիտասարդն իր եղբորորդու ընկերակցությամբ գնացել է Սեւիլիա՝ տեղի ձեռներեցների հետ փորձի փոխանակման նպատակով։ Այստեղ նա որոշ ժամանակ աշխատել է մեծահարուստ վաճառական Դանոտո Բերարդիի մոտ, մինչեւ 1493 թվականին հանդիպել է այն ժամանակ ոչ այնքան հայտնի Քրիստոֆեր Կոլումբոսին։ Այդ ժամանակ ծովակալն արդեն կատարել էր իր առաջին արշավը եւ այժմ պատրաստվում էր երկրորդին։ Ամերիգոյի խնդիրն էր սպասարկել Կոլումբոսի նավերը եւ վճարել անձնակազմի աշխատավարձը: Դա շարունակվել է մինչեւ 1499 թվականը, երբ Վեսպուչին որոշել է կատարել իր ծովային ճանապարհորդությունը։ Նավագնացությունն արագ գերեց իտալացուն՝ նա հասկացավ, որ դա ոչ միայն հրապուրիչ է, այլեւ շահավետ։ Նա ամբողջությամբ թողեց ֆինանսական գործունեությունը եւ սկսեց իր միջոցներով շրջել մոլորակի ջրային տարածքներում:

1502 թվականի հունվարին ծովագնացը ուսումնասիրեց բրազիլական տարածքը, որը հետագայում անվանվեց Ռիո դե Ժանեյրո։ Բառացիորեն պորտուգալերենից թարգմանված այս անունը հնչում է «հունվարյան գետ»: Ամերիգոն ենթադրեց, որ Բրազիլիան ամենեւին էլ կղզի չէ, այլ մի ամբողջ առանձին տարածք, որի հետազոտությունը պետք է ապշեցուցիչ արդյունքներ բերի։ Կապիտանը այս տարածքին տվել է Նոր աշխարհ անունը, եւ երկար ժամանակ մայրցամաքը կրել է այս անունը: Ուսումնասիրելով նոր երկրներ՝ ծովագնացը մանրամասն նկարագրել է այն ամենը, ինչ տեսել է, եւ դա արել է գրական մեծ տաղանդով։ Հետազոտողը բոլոր գրառումներն ուղարկել է իր համախոհներին։ Նոր մայրցամաքի ուրվագծերով քարտեզն առաջին անգամ հրապարակվել է Ֆրանսիայում՝ 1507 թվականին։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրատարակիչն այս տարածքն անվանել է «Ամերիգոյի երկիր», այստեղից էլ՝ Ամերիկա բառը։ Այլ պատմաբաններ պնդում են, որ Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը։ Ըստ լեգենդի՝ մեծ գիտնականն ու նկարիչը այս ժեստն արել է ի նշան երախտագիտության Ամերիգոյին՝ նրա բերած անուշահոտ ծխախոտի համար։ Անվան հետ կապված երրորդ տարբերակը ավելի քիչ տարածված է։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ մայրցամաքը Ամերիկա է կոչվել ոչ թե իտալացի ճանապարհորդի, այլ Բրիստոլի ազնվական վաճառական Ռիչարդ Ամերիկայի պատվին։