NEWS.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել։

Նրանց ձերբակալման ժամկետը լրացել էր, եւ վարույթն իրականացնող մարմինը խափանման միջոց ընտրելու միջնորդություն չէր ներկայացրել դատարան։

Տեղեկացանք, որ այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։

Նշենք, որ այս գործով մեղադրյալ, Երեւանի քաղաքապետի տեղակալ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվել է։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: