Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է «Չահարշանբե-սուրի» տոնի օրը ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող խմբերի ձերբակալման մասին։ Այն իրանական հնագույն տոն է, որը նշվում է տարվա վերջին չորեքշաբթի օրը, հաղորդում է Mehr-ը: 

Հետախուզության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են մի քանի ահաբեկչական խմբեր, այդ թվում՝ 21 հոգուց բաղկացած խումբը, որը կապված է երկրի մայրաքաղաք Թեհրանում մոջահեդների Մուջահիդին Հալք կազմակերպության հետ:  

Մուջահիդին Հալք կազմակերպության հետ կապ ունեցող խումբը մտադիր էր դիվերսիոն գործողություններ իրականացնել, այդ թվում՝ ոչնչացնել հասարակական գույքը, մասնավորապես, ավտոբուսներ հրկիզել մարդկանց կուտակման վայրերում, ինչպես նաեւ ինքնաշեն նռնակներ նետել, ասվում է հայտարարության մեջ:

Մուջահիդին Հալք կազմակերպության հետ  կապված եւս մեկ խումբ ոչնչացվել է Մեշհեդ քաղաքում։ Հայտնաբերվել է 300 ինքնաշեն նռնակ, ասվում է հայտարարության մեջ։   

Հայտարարության համաձայն՝ Իրանի արեւմտյան քաղաքներից մեկում եւ հյուսիսարեւմտյան նահանգում հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր եւ սարքավորումներ, որոնք օգտագործվում են դիվերսիաների համար, ինչպես նաեւ ոչնչացվել են տնայնագործական եղանակով ռումբերի պատրաստման երկու արհեստանոցներ: 

Հետախուզության նախարարությունն իր հայտարարության մեջ խոստացել է պաշտպանել Իրանի ժողովրդի անվտանգությունը եւ վճռականորեն գործել սիոնիստական ահաբեկչության դեմ։