Բանակցություններին այլընտրանք չկա, հաջորդ ճանապարհը պատերազմն է: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Բայց բանակցողը պետք է փոխվի, որովհետեւ արդեն 2 տարի է անցել պատերազմից, եւ բանակցողը մինչեւ հիմա չի հասկացել, որ ինչքան մենք զիջում ենք, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է: Դուք կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր որոշմամբ մեր զորքերը Սյունիքից հետ են քաշվել պատերազմից հետո, որպեսզի հնարավոր ռիսկերը կանխի եւ կարողանա  կանխարգելել հետագա պատերազմը: Մենք դրանից հետո ստացանք նորից պատերազմ, ստացանք Սյունիքում ագրեսիա, հողեր վերցրեցին: Մենք ունեցանք զիջումներ տարբեր հատվածներում, նաեւ բանակցային դիրքերի զիջումներ, նաեւ Արցախի հարցում նշաձողի իջեցման պատրաստակամություն, նաեւ Պրահայում ադրբեջանամետ դիրքորոշման արտահայտում: Այս բոլոր զիջումները Նիկոլ Փաշինյանն է իրականացրել: Պետք էր ի սկզբանե հասկանալ՝ մեր թշնամին ով է, մի քիչ ուսումնասիրել, նոր գնալ բանակցությունների զրոյական կետից: Պետք  էբանակցողը փոխվի, որ կարողանա Հայաստանի ազգային շահն առաջ տանել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ասաց. «Մենք բոլոր ձեւերով տեսել ենք, որ Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանություններին միայնակ են թողել  Բաքվի հետ, բայց արցախցիները իրենց հուսալի դաշնակից ու գործընկեր են համարում ՌԴ-ին եւ շարունակում են պնդել, որ ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների ներկայությամբ: Հանդիպումը հենց այդ պատճառով է հետաձգվում է, որովհետեւ Ալիեւի քաղաքականությունն այն է, որ ամեն կերպ դուրս թողնի ռուս խաղաղապահներին այդ բանակցություններից, որպեսզի Ադրբեջանը Արցախի հետ մնա միայնակ: Բայց արցախցիները չեն ցանկանում այդ հեռանկարը, դրա համար պնդում են, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ եւ նույն վայրում պետք է շարունակվեն բանակցությունները»: