«Ադրբեջանն արդեն ձեռնարկում է  իր տարածքում ապրող հայ բնակիչների վերինտեգրման քայլեր»։ Այս չափից ավելի ցինիկ եւ իրականությունից լրիվ կտրված միտքն է հնչեցրել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ, եւ որպես բարյացակամ քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Իսկ հայկական կողմը, ընդհակառակը, լիովին մերժել է Արեւմտյան Ադրբեջանի համայնքի՝ երկխոսություն վարելու առաջարկը։ Սա այն բանի ցուցիչն է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ, եւ կեղծավոր քաղաքականություն է վարում»,- ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Օգտագործելով ադրբեջանական կողմի ունեցած կեղծ կշտամբանքների ամբողջ հավաքածուն՝ Հաջիզադեն անցել է «արեւմտյան ադրբեջանցիների» նոր թեմային՝ պահանջելով նրանց «վերադարձը հայրենի հողեր»։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանը «բարոյական իրավունք չունի խոսելու հարկադրված տեղահանվածների եւ փախստականների իրավունքների մասին Ադրբեջանի կողմից իր հայրենի հողերի ազատագրումից հետո»։ Հաջիզադեից թարգմանաբար սա նշանակում է, որ Բաքուն չի պատարստվում քննարկել 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի քաղաքների ու գյուղերի հայ փախստականների հարցը, հավանաբար նկատի ունենալով, որ ադրբեջանցիների համար «հայրենի հողն» ավելի հայրենի է։ Ադրբեջանից հայ փախստականների հարցը Բաքվում լիովին անտեսում են։

Հիշեցնենք, որ  «վերինտեգրման» մասին խոսակցությունները Բաքվի ներկայացուցիչը վարում է Ադրբեջանի կողմից «վերինտեգրվողների» (ինչպես փորձում են անհաջող հավաստիացնել Բաքվում)՝ 120 հազար արցախցիների 2022թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող տոտալ շրջափակման, հրադադարի ռեժիմի մշտական խախտումների, ահաբեկչությունների եւ ահաբեկչական գործունեության այլ տեսակների ֆոնին։