Համակարծիք չեմ այն նկատառումների հետ, թե վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) ավելի շատ դատավորների լիազորություններ է դադարեցնում: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը:

«Հանրային տարբեր շերտեր իրավունք ունեն կարծիք ունենալ տարբեր երեւույթների վերաբերյալ: Համակարծիք չեմ այն նկատառումների հետ, թե վերջին շրջանում ԲԴԽ-ն ավելի շատ դատավորների լիազորություններ է դադարեցնում: Պետք է նայել ամբողջ գործունեության կտրվածքով, թե օրինակ՝ որ ժամանակահատվածում որքան են եղել կարգապահական վարույթները, դրանցից որ մասն է մերժվել, որը՝ բավարարվել: Մեծամասամբ ԲԴԽ-ն մերժում է ներկայացված միջնորդությունները»,- նշեց Մեսրոպ Մակյանը:

Դատավոր Մակյանը շեշտեց, որ ԲԴԽ-ում չկա ճգնաժամ, կա բացարձակ կոնսենսուս. «Բոլոր որոշումները ընդունվում են միաձայն: Դրա հետեւում կա եւ՛ բանավեճ, եւ՛ անհամաձայնություն, եւ՛ բուռն քննարկումներ, որոնց արդյունքում ծնվում է ճիշտ որոշումը, որի տակ ստորագրում են բոլոր անդամները»:

Անդրադառնալով իր պաշտոնի առաջխաղացման, որդուն դատավոր դարձնելու եւ եղբոր վերաբերյալ քրեական գործին, դատավորն արձագանքեց. «Զանազան ասեկոսեները չեմ ցանկանում մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում: Իմ որդին ընդամենը մեկ տարի է աշխատում այս համակարգում, իրավաբան է, իրավունք ունի աշխատելու, չգիտեմ՝ հետագայում ինչ ճանապարհ կընտրի: Ձեր կարծիքով ես առաջխաղացման արժանի՞ եմ, թե՞ ոչ»: