Բելառուսում ստեղծվել է նոր կուսակցություն՝ «Բելայա Ռուս»։ Այս մասին որոշումն ընդունվել է մարտի 18-ին, կուսակցության հիմնադիր համագումարում, որը տեղի է ունեցել Մինսկում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Որպես կառավարիչ, որն ամեն օր շփվում է աշխատանքի մարդկանց հետ, տեսնում եւ հասկանում եմ, որ քաղաքական լեզվի վճռական թարմացումը վաղուց հասունացել է,- ասել է Մոգիլյովի մարզի գործադիր կոմիտեի փոխնախագահ Վալերի Մալաշկոն։- Բելառուսական հասարակությունում միշտ սրբազան են եղել խաղաղության, միասնության եւ համերաշխության ավանդույթները։ Մենք նախորդ սերունդների քաղաքական մեծ գծի ժառանգորդներն ենք, որ կառուցել են հզոր երկիր եւ ինքնիշխան Բելառուս։ Ուստի մենք՝ հիմնադիր համագումարի պատվիրակներս, վստահ եւ միաձայն աջակցում ենք նոր քաղաքական կուսակցության կերտմանը»։

Նրա խոսքով՝ նոր կուսակցության հիմքում պետք է լինի կայունության, մշտական զարգացման եւ հաջողության գաղափարը։ «Մենք լիովին աջակցում ենք «Բելայա Ռուս» բառակապակցությանը։ Կուսակցության անվանումը համահունչ է մեր երկրի անվանմանը։ Համոզված եմ, որ «Բելայա Ռուս» կուսակցությունը կդառնա այն քաղաքական ուժը, որի վրա կհենվի իշխանությունը»,- ավելացրել է Վալերի Մալաշկոն։

Մոտ հազար պատվիրակներ ամբողջ երկրից եկել են Մինսկ՝ մասնակցելու հիմնադիր համագումարին։ Պատվիրակները նաեւ պետք է ընդունեն կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը։

«Բելայա Ռուս» կուսակցության ծրագրի նախագիծը հրապարակվել է փետրվարի 28-ին եւ դրվել հանրային քննարկման։