Հնդկաստանում երկու օդաչու հեռացվել է աշխատանքից այն լուսանկարի պատճառով, որտեղ երեւում է, թե ինչպես են նրանք սուրճ խմում եւ կարկանդակ ուտում SpiceJet ինքնաթիռի օդաչուների խցիկում, թռիչքի ժամանակ, գրել է Business Insider-ը։

Լուսանկարում, որը հրապարակվել է սոցցանցերում, օդաչուների դեմքը չի երեւում։ Սակայն դրանում պատկերված են հուջիա՝ հնդկական այն աղանդերը, որը սովորաբար ուտում են Հոլի հինդուիստական տոնի ժամանակ, եւ սուրճի բաժակ, որի դիրքը վտանգավոր է։

Լուսանկարում SpiceJet հնդկական բյուջետային ավիաընկերության լոգոտիպով սուրճի բաժակն առանց կափարիչի դրված է ինքնաթիռի շարժչի լծակի վրա, ինչը զայրացրել է ավիացիոն հանրույթին։

Ավիացիոն անվտանգության փորձագետ Մոհաբ Ռանգանաթանը, որն էլ տրամադրել է լուսանկարը, Թվիթերում գրել է. «Անգամ ամենափոքր տուրբուլենտության դեպքում էլեկտրոնիկայի վրա թափված սուրճը կարող է հանգեցնել համակարգերի խափանման։ Դա ՀԱՆՑԱՎՈՐ արարք է»։

SpiceJet ընկերության ներկայացուցիչը The Times of India պարբերականին ասել է, որ երկու օդաչուները հանվել են ցուցակներից՝ մինչեւ հետաքննության անցկացումը։

«SpiceJet ընկերությունում գործում է խիստ քաղաքականություն օդաչուների խցիկում սնունդ օգտագործելու վերաբերյալ, որին հետեւում են անձնակազմի բոլոր անդամները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ կարգապահական միջոցներ կկիրառվեն հետաքննության ավարտից հետո։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենը, որը նաեւ հետեւում է թռիչքների անվտանգությանը, հետաքննում է նաեւ այս միջադեպը, տեղեկացրել է The Hindu-ն։

Հնդկական ավիացիոն կանոնները օդաչուներին թույլ են տալիս խցիկում ունենալ ուտելիք եւ ըմպելիքներ, բայց խիստ կանոնների հետեւելու պայմանով, տեղեկացրել է BBC News-ը։ Օրինակ, բաժակները պետք է ունենան կափարիչ, որպեսզի հանկարծ հեղուկը չթափվի սարքերի վրա։