Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական դեպքերն արձանագրվել են Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում։

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ Արմավիրի բաժնի ՃՈ հաշվառման-քննական բաժնում արձանագրվել են հրացանների, «Կալաշնիկովի» ինքնաձիգի եւ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Մեծամորի բաժնում։

Մարտունիի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների եւ անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաեւ Ճամբարակի բաժնի հերթապահ մասի ծառայողները, ինչի շնորհիվ Գեղարքունիքի մարզի մի բնակիչ բաժին էր բերել ռազմամթերք։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։