Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

 Կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ կար։ 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվեց նաեւ նրա մեքենան։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։

Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։