Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին կիրակի օրը Սողոմոնյան կղզիների առաջնորդ Մանասե Սոգավերի հետ քննարկել է գլոբալ անվտանգությունը եւ Չինաստանի ներկայությունը Խաղաղ օվկիանոսում՝ կղզի երկիր կատարած իր առաջին այցի ընթացքում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հայաշին ասել է, որ Ճապոնիան «հետեւում է զարգացումներին» անվտանգության պայմանագրի շրջանակներում, որը Սողոմոնյան կղզիները եւ Չինաստանը ստորագրել են անցյալ տարի եւ վարչապետ Մանասե Սոգավերի հետ քննարկել է ներկայիս համաշխարհային անվտանգության միջավայրը, ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Այցը տեղի է ունեցել Չինաստանի եւ Սողոմոնյան կղզիների միջեւ անվտանգության պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց, ինչը առաջացրել է ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի անհանգստությունը:

Ճապոնիան հայտարարել է, որ պատրաստ է օգնություն տրամադրել ծովային անվտանգությանը, քանի որ ձգտում է համագործակցել՝ խթանելու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը՝ որպես իր ազատ եւ բաց հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարության մաս, ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության տեքստում:

Հայաշին փորձել է նաեւ փոխըմբռնման հասնել Ճապոնիայի՝ ավերված «Ֆուկուսիմա Դայ-իչի» ատոմակայանից 1 միլիոն տոննա մաքրված ջուրը օվկիանոս թափելու ծրագրի վերաբերյալ:

Սոգավերը հույս է հայտնել, որ Ճապոնիան կապահովի ջրի արտանետման անվտանգությունը եւ բաց կլինի այդ գործընթացի վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ: