Կոլումբիայի արեւմուտքում ուղղաթիռի ընկնելու հետեւանքով չորս զինվորական է մահացել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։

«Ցավով տեղեկացնում եմ ձեզ, որ Կիբդոյում օդանավի հետ կապված դեպքից փրկվածներ չկան։ Այս ողբերգական պահին իմ աջակցությունն եմ հայտնում կապիտան Հեկտոր Խերեսի, լեյտենանտ Ջուլիետա Գարսիայի, սերժանտներ Ջոն Օրոսկոյի եւ Ռուբեն Լեգիսամոնի ընտանիքներին»,- գրել է նա Twitter-ում:

Պետրոյի խոսքով՝ անձնակազմը «մատակարարման առաջադրանքներ» էր կատարում։ Տեղական լրատվամիջոցները հրապարակել են ուղղաթիռի կործանման պահի տեսանյութը, որն արել են ականատեսները։ Միջադեպի պատճառները դեռ չեն պարզվել։