Մարտի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի փողոցի սննդի կետում անհայտ անձը գողացել է իր պայուսակը, որի մեջ կային նոթբուք, բարձրախոս, լիցքավորման սարքավորումներ և համակարգչային մկնիկ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել պայուսակն ամբողջ պարունակությամբ:

Նա և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: