Ֆինլանդիան վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Այսպիսի գնահատական է պարունակում երկուշաբթի օրը հրապարակված Երջանկության համաշխարհային  ամենամյա զեկույցը (World Happieness Report), որը պատրաստվում է ՄԱԿ-ի պատվերով՝ փորձագետների խմբի կողմից։

Ֆինլանդիան կրկին առաջին տեղն է գրավել իր հաջորդներից զգալի տարբերությամբ։ Ամենաերջանիկ երկրների եռյակը մնացել է անփոփոխ, նրանց հաջորդում են Դանիան եւ Իսլանդիան։ Առաջին տասնյակում ամենամեծ աճը ցույց է տվել Իսրայելը՝ նա իններորդ տեղից բարձրացել է չորրորդ հորիզոնական։ Առաջատարներ են մնացել Նիդեռլանդները, Շվեդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը եւ Նոր Զելանդիան։

Ռուսաստանը թարմացված վարկանիշում 80-րդ տեղից բարձրացել է 70-րդ տեղ։ ԽՍՀՄ նախկին հանրապետություններից ընդգրկված են Լիտվան (20-րդ), Էստոնիան (31-րդ), Լատվիան (41-րդ), Ղազախստանը (44-րդ), Ուզբեկստանը (54-րդ), Ղրղըզստանը (62-րդ), Հայաստանը (79-րդ), Տաջիկստանը (80-րդ), Վրաստանը (90-րդ), Ուկրաինան (92-րդ): ԱՄՆ-ը գտնվում է 15-րդ տողում, Գերմանիան՝ 16-րդ, Մեծ Բրիտանիան՝ 19-րդ։ Ֆրանսիան դուրս է մնացել լավագույն քսանյակից՝ իջնելով 21-րդ հորիզոնական։ Վարկանիշային աղյուսակում վերջին տեղում են Աֆղանստանն ու Լիբանանը՝ նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 137-րդ եւ 136-րդ տեղերը:

Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 2012 թվականից։ Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների հարգումը, աշխատանքի անվտանգությունը, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաեւ հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։ Այն հիմնված է երեք տարվա ընթացքում հավաքագրված միջին ցուցանիշների վրա:

Զեկույցում ասվում է, որ մարդիկ պակաս երջանիկ չեն դարձել կորոնավիրուսային համավարակի երեք տարիների ընթացքում։ «Նույնիսկ այս դժվարին տարիներին դրական հույզերը գերակշռում էին բացասականներին, եւ պարզվել է, որ սոցիալական արձագանքման հույզերն ավելի ուժեղ են եղել, քան մենակության զգացումը»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջոն Հելիվելը, որի խոսքերը մեջբերված են մամուլի հաղորդագրության մեջ։