2023-ի փետրվարի 7-ին գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ, Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու հարցով,  եւ այդ միջնոդրության ժամանակ առաջ քաշվեցին մի շարք միֆեր, այդ թվում Գրիգորի Խաչատուրովին վերաբերող մի շարք կեղծ տեղեկություններ շրջանառվեցին, որոնք մեծամասամբ նպատակ ունեին արատավորել նրա բարի համբավը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ անդրադարձավ այդ միֆերին՝ նշելով. «Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ վարույթ ասածը շատ մեծ չակերտների մեջ ենք վերցնում, որովհետեւ նրա վերաբերյալ նորմալ իրավական երկրում, այս պայմաններում չէր կարող իրականացվել որեւէ քրեական հետապնդում: ԱԺ-ում այդ քննարկման ժամանակ 12 հարց է ուղղվել դատախազին, որից 9-ի ռանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը, նրա կողմից ենթադրյալ կատարած գործողությունները: Այդ 9 պատասխանները սուտ են»:

Նա նկատեց, որ միֆ է, թե զորամասը վերածել են գումարի. «Այն մարդիկ, որոնք այս քրեական գործի շրջանակում կպնդեն, որ զորամասը վեր է ածվել գումարի, կա՛մ քրեական վարույթի փաստերից տեղյակ չեն, կա՛մ միտումնավոր  կեղծ և սուտ արտահայտություներ են անում՝ արատավորելու Գրիգորի Խաչատուրովի անունը։ Զորամաս, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, դա միֆ է, որ հրամցվում է հանրությանը։ Գլխավոր դատախազը ԱԺ-ոմ պնդել է, որ օտարվել է զորամաս, ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անունով սեփականության վկայականի պատճենը, որտեղ պարզվում է, որ որևէ զորանոց կամ զինվորների կացարան չկա։ Ինչպե՞ս հասկանանք, գլխավոր դատախազի այն պնդումը, որ դա զորամաս է եղել։ Ես առաջարկում եմ, որ նույն ԱԺ պատգամավորները, որ բողոքում են զորամասերի բացակայությունից, գնան և քնեն այնտեղ, չկա՛ այդպիսի զորամաս, ամենավատ տրամաբանությամբ էլ այդ շենքը հարմարեցված զորամաս չենք կարող անվանել:

Զորամաս որպես այդպիսին գոյություն չի ունեցել: Դա ՊՆ-ին ամրակցված տարածք է եղել, որը ՊՆ-ն որոշել է վաճառել: Գրիգորի Խաչատուրովը որեւէ առնչություն չի ունեցել վաճառքի եւ նրա հետ, թե ում վաճառեն: Ընդ որում, վերջին 5 տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված 71 միավոր տարածք: Այնպես չէ, որ անթույլատրելի գործարք է տեղի ունեցել: Մենք սեփականության վկայականի պատճենով հիմնավորում ենք, որ սա զորամաս չի եղել»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Նա ներկայացրեց իր վստահորդ  Էդգար Արշակյանի սեփականության իրավունքի պատճենը, որտեղ, նրա խոսքով, նկարագրված շենք-շինություններից պարզ է դառնում, որ որևէ զորանոց, այսինքն զինվորական կացարան չկա, ինչպես ԱԺ-ում պնդում էր գլխավոր դատախազը։

Նա նշեց, որ այս պնդումները բարձրացվել են նաև նախաքննական մարմնում, սակայն գլխավոր դատախազի՝ քննության ուղղորդման հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվում. «Ամեն ինչ արվել է Խաչատուրովի՝ հայկական բանակի իրական գերենարլներից մեկի բարի համբավ պախարակելու համար»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։