ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Թուրքիայի հետ գազային հաբի ստեղծման ժամկետի մասին, ասել է, որ դա բարդ աշխատանք է, այն չի կարող իրականացվել առանց տեխնիկական բնույթի եւ ժամանակի հետ կապված խնդիրների, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դե, հասկանալի է, որ դա բավական բարդ աշխատանք է, բավական բարդ նախագիծ, որը, իհհարկե, չի կարող իրականացվել առանց այս կամ այն տեխնիկական կամ այլ բնույթի եւ ժամանակի հետ կապված խնդիրների։ Անխուսափելի են այդպիսի իրավիճակները նաեւ թուրքական հաբի առումով։ Կհետեւենք, կշարունակենք աշխատել եւ համագործակցել թուրք գործընկերների հետ»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների՝ Կրեմլում Գազային հաբի բացման ժամկետի ձգձգման հետ կապված հնարավոր մտահոգության մասին հարցին։

ՌԴ եւ Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն մշակել Թուրքիայիմ գազային հաբի ստեղծման հարցը։ Այդ հաբով, մասնավորապես, կարելի կլիներ վերուղղորդել գազի մատակարարումներըը վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն Թուրքիայում առեւտրային հարթակի ստեղծման մասին է, այլեւ ենթակառուցվածքի զարգացման եւ հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա խոսքով, մասնակցել կարող են նաեւ այլ երկրներ՝ հարավային ուղղությամբ Եվրոպային գազ են մատակարարում նաեւ Ալժիրը, Կատարը եւ Ադրբեջանը։