Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող հաստատել տեղեկությունը նախագահի աշխատակազմում այֆոնների արգելքի մասին։ Այս մասին նա տեղեկացրել է լրագրողներին։

«Ծառայողական նպատակներով սմարթֆոններ օգտագործել չի կարելի։ Ցանկացած սմարթֆոն տրանսպարենտ մեխանիզմ է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ սմարթֆոնները չի կարելի օգտագործել բանակցությունների եւ ծառայողական տեղեկություն փոխանցելու համար։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին ցուցում էին տվել մինչեւ այս տարվա ապրիլի 1-ն ազատվել  iPhone սմարթֆոններից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ըստ թերթի աղբյուրի՝ մարտին նախագահի աշխատակազմի աշխատակիցները պետք է կամ նետեին իրենց iPhone-ները, կամ տային իրենց երեխաներին։ Ընդ որում՝ սկզբում սեմինարի մասնակիցների շրջանում բանավեճ է եղել այդ միջոցի անհրաժեշտության մասին, բայց աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն վերջակետ է դրել քննարկմանը եւ իր աշխատակիցների համար սահմանել մինչեւ ապրիլի 1-ը Apple-ի տեխնիկայից ազատվելու ժամկետ։

Այս պահանջը կապում են այն բանի հետ, որ այդ սմարթֆոնները ավելի շատ են ենթակա կոտրման եւ լրտեսվելու արեւմտյան մասնագետների կողմից՝ այլ սմարթֆոնների համեմատ, փոխարենը նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խորհուրդ են տվել ձեռք բերել հեռախոսներ Android-ի, չինական անալոգների կամ ռուսական «Ավրորա» համակարգի հիման վրա։