Արեւմուտքը դիվանագիտական ​​ ռեյդերություն է իրականացնում Հարավային Կովկասում։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ նախարարի խոսքով՝ ոչ միայն ցանկանում են վարկաբեկել Ռուսաստանի Դաշնությունը, այլեւ այդ մասին բացահայտ խոսում են ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն։ «Նրանք մեծ հաշվով զբաղված են դիվանագիտական ​​ռեյդերությամբ, փորձում են իրենց ենթարկել եռակողմ համաձայնագրերը, վերահսկել՝ խարխլելով առանցքային սկզբունքները, որոնք նախատեսում են Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը եւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- շեշտել  է նախարարը։

Պատասխանելով Հարավային Կովկասում Արեւմուտքի հետ համագործակցության հնարավորության մասին հարցին՝ Լավրովը նշել է, որ Արեւմուտքն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն։

«Մենք հիանալի տեսնում ենք, իսկ այն չի էլ թաքցնում իր նպատակները՝ դուրս մղելու Ռուսաստանին»,- պարզաբանել է Լավրովը։ Նրա խոսքով, Արեւմուտքի նպատակներից մեկն է ձախողել ձեւավորվող 3 + 3 ձեւաչափը։ «Արեւմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է կառույցը խարխլելու եւ իր ծառայությունները Հարավային Կովկասի երեք երկրներին պարտադրելու ուղղությամբ, հավակնություններ է ներկայացնում գերիշխելու, իր հեգեմոնիան ապահովելու համար՝ ոտնահարելով Հարավային Կովկասի ամենամոտ հարեւանների շահերը։

Այս աշխարհաքաղաքական ծրագրերի հետ մեկտեղ այն խթանում է աջակցությունը, ներառյալ ֆինանսական՝ այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են այնպիսի միջոցառումներով, որոնք կարելի է անվանել նախապատրաստություն հերթական գունավոր հեղափոխությանը: Ես չեմ տեսնում ոչ մի հնարավորություն եւ անհրաժեշտություն Հարավային Կովկասի հարցով Արեւմուտքի հետ երկխոսություն զարգացնելու համար»,- եզրափակել է նախարարը։