Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները եւս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային եւ, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ եւ բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երեւանի եւ երեւանցու շահը: Միեւնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի եւ համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»,- նշել է Ավինյանը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Նախաքննությունը շարունակվում է:

Այսօր էլ՝ մարտի 21-ին, ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը ոււ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

Այս, թե այլ վարույթի շրջանակում են նրանք ձերբակալվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռեւս չի հայտնում։