Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ՝ կենսաթոշակային բարեփոխումների պատճառով բողոքի ակցիաների ֆոնին, որը կառավարությունը որոշել է ընդունել շրջանցելով օրենսդիր մարմինը, հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպման շրջանակներում քննարկվել է կառավարությանն ընդդիմության կողմից նախաձեռնված անվստահության քվեի ձախողումը։

Ինչպես նշվում է, հանդիպմանը Մակրոնը բացառել է կարճաժամկետ հեռանկարում Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի լուծարումը, կառավարությունում վերադասավորումները կամ կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրաքվեն։ Նա նաեւ խնդրել է իր կողմնակիցներին առաջարկներ ներկայացնել բարեփոխումների մեթոդներն ու ծրագիրը փոխելու համար, հայտնում են աղբյուրները։

«Եթե մենք ոչինչ չսովորենք, հարաբերական մեծամասնություն ունեցող կառավարությունից կանցնենք փոքրամասնության կառավարության»,- BFMTV-ի հետ զրույցում ասել է նախագահական «Վերածնունդ» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեֆան Սեժուրնեն։