Վրաստանի խորհրդարանը «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցումից վերադարձնում է երկրորդ ընթերցման՝ լրացուցիչ մշակման համար, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Հարցն արդեն այս շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում է, հայտնում է IPN-ը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ օրինագիծը կվերադարձվի երկրորդ ընթերցման՝ հաշվի առնելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները եւ համապատասխան փոփոխություններ մտցնելու համար։

Ապաօլիգարխացման հարցը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու 12 հանձնարարականներից մեկն է։ Վրացական իշխանությունները նշում են, որ ընդունելով օրենքը՝ կկատարեն ապաօլիգարխացման պահանջը։

Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությունում զգուշացրել է, որ օրենքի նախագիծն իր ներկայիս տեսքով պարունակում է ռիսկեր, որ ընդունվելուց հետո օրենքը կտարածվի ընդդիմության վրա։

Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ նախընտրում է համակարգված մոտեցում, մինչդեռ Վրաստանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը հենվում է «անձնական» մոտեցման վրա։