Հայաստանում անհրաժեշտ է կարգավորել հեռուստատեսային հեռարձակման կարգը՝ այն դարձնելով միատիպ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակներից, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ»:

Այսպես, Հայաստանի տարածքում գործող ավելի քան 50 ցանցային օպերատորներ ինքնուրույն որոշում են իրենց տրամադրած տեսալսողական ծրագրերի տարածման կարգը։ Նման մոտեցումը, ըստ պատգամավորի, ընկալվում է որպես «հեռուստաօպերատորների ազատ գործունեություն»։

«Այնուամենայնիվ, սա սպառողների շրջանում որոշակի անհարմարություններ եւ դժգոհություններ է առաջացնում, քանի որ հեռարձակվող հաղորդումները հեռուստադիտողին հասանելի են տարբեր հաջորդականությամբ»,- պարզաբանեց Գաբրիելյանը։

Օրենսդրական նախաձեռնության համար հիմք են հանդիսացել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաեւ ստացված դիմումները։

Այս օրենսդրական փոփոխությունները, ինչպես նշեց պատգամավորը, բխում են նաեւ հեռուստաընկերությունների շահերից։ Հատկապես մարքեթինգի ու PR-ի առումով։ Սա խթանում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ բավականին հեղինակավոր հեռուստաալիքները։ Չէ՞ որ նրանք բոլորը ցուցակում կընդգրկվեն առաջին հորիզոնականներում։ Խոսքը, մասնավորապես, առաջին 25 ալիքների մասին է։ Այնուամենայնիվ, դրանք հանրային մուլտիպլեքսում չեն լինի։

Միաժամանակ, արդարությունը պահպանելու նպատակով կիրականացվի էլեկտրոնային վիճակագրություն։ Սակայն դա չի ազդի հանրային հեռարձակողների վրա, քանի որ նրանք, այսպես թե այնպես, առաջատար դիրքեր կզբաղեցնեն։