Գերմանիայի բնակիչների ավելի քան 60%-ը վախենում է պատերազմից, որի ընթացքում Բունդեսվերը չի կարողանա պաշտպանել երկիրը, հետեւում է գերմանական R+V Versicherung ապահովագրական ընկերության տարեկան ուսումնասիրությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընթացիկ տարվա մարտի 13-15-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի բնակիչների վախերի վերաբերյալ ընկերության ներկայացուցչական հարցմանը մասնակցել է 1099 մարդ։

Ըստ դրա արդյունքների՝ գերմանացիների 63%-ը վախենում է, որ պատերազմի դեպքում բանակը չի կարողանա պաշտպանել Գերմանիան։ 2022 թվականի նույն հետազոտության համեմատ այս մտավախությունն աճել է 23 տոկոսային կետով։

Հետազոտության համաձայն՝ սա ամենաբարձր ցուցանիշն է 1999 թվականից, երբ ընկերության կողմից հարցված գերմանացիների 60%-ը նման վախ է ապրել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծման ֆոնին։ Նյութը նաեւ պարզել է, որ նման վախը երկրի արեւելքում՝ նախկին ԳԴՀ-ում, ավելի ցայտուն է արտահայտված (66%), քան արեւմուտքում (53%)։

Նաեւ հարցվածների 55%-ը մտավախություն ունի, որ Գերմանիային կներքաշեն ռազմական հակամարտության մեջ, ինչը 13%-ով ավելի է, քան անցյալ տարի։