ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է ռազմավարական երկխոսություն սկսել Բելառուսի «դեմոկրատական շարժման եւ քաղաքացիական հասարակության» հետ։ Այս մասին Վաշինգտոնում Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայային ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի խոսքով, որին մեջբերել է գործակալությունը, Շերմանը Տիխանովսկայային ասել է այն մասին, որ Միացյալ Նահանգները մտադիր է մինչեւ 2023թ. վերջ «գործի դնել համապարփակ ռազմավարական երկխոսություն բելառուսական դեմոկրատական շարժման եւ քաղաքացիական հասարակության հետ»։

Նա նշել է, որ պետքարտուղարի տեղակալը եւ բելառուս քաղաքական գործիչը հույս են հայտնել, որ ռազմավարական երկխոսությանը կմասնակցեն ԱՄՆ կառավարության՝ հանրապետության շուրջ տիրող իրավիճակով զբաղվող հաստատությունները, «ինչպես նաեւ բելառուսական դեմոկրատական ուժերի լայն շրջանակ, որը կներառի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, անկախ լրագրողների, իրավապաշտպանների, իրավաբանների, արհմիութենական ղեկավարների, գիտնականների եւ հասարակ բելառուսների»։