ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022թ․ ապրիլին նույն մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մարտունի քաղաքի բնակչուհու կողմից՝ ամուսնու անհետանալու վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակիչն իր ունեցած պարտքերը մարելու համար տարադրամի փոխանակմամբ զբաղվող իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի 56-ամյա բնակչի մոտ առկա դրամական միջոցները հափշտակելու նպատակով նրան սպանելու դիտավորությամբ, 2022թ ապրիլի 4-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շուկայի մոտակայքում հանդիպել է վերջինիս։ Որոշ ժամանակ անց 25-ամյա երիտասարդի «OPEL ZAFIRA 1.6» մակնիշի ավտոմեքենայով նրանք գնացել են դեպի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող չգործող մարզադաշտի հարակից հատված։ Հանցավոր մտադրությունն իրագործելով՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդն ապօրինի իր մոտ պահած սառը զենք հանդիսացող որսորդական դանակով ավտոմեքենայի սրահում հարձակվել է տղամարդու վրա և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, դեմքի շրջանների բազմաթիվ կտրած-ծակած թափանցող և չթափանցող մարմնական վնասվածքներ։ Ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է:

Դրանից հետո երիտասարդը հափշտակել է սպանվածի մոտ առկա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 12.466.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ՀՀ թղթադրամներ, հանել նրա հագուստները և դիակը թաքցրել է Մարտունի քաղաքից դեպի հանրային լողափ տանող ճանապարհի՝ Հ.Հարությունյան փողոցի աջակողմյան անտառամերձ հատվածում գտնվող ծառերի մեջ։ Սպանությունից կարճ ժամանակ անց հափշտակված գումարի մի մասով նա մարել է ունեցած պարտքերի մի մասը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա  բնակչին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։