Թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ պաշտոնատար այլ անձինք քանիցս ընդդիմությանն առաջարկել են ծանոթանալ Երեւանի եւ Բաքվի միջեւ ընթացող բանակցային գործընթացի նյուանսներին եւ ասպեկտներին։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, մարտի 23-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս ծանոթանալ Ադրբեջանի հետ հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի նախագծին։

Ընդդիմությունը, նրա խոսքով, հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացի մասին։ «Ընդհանրապես, տեղեկատվության տիրապետելը ենթադրում է պատասխանատվության առկայություն։ Այնպես որ, ընդդիմության հրաժարվելը քննարկումներից եւ աշխատանքի ռեժիմին ծանոթանալուց ես գնահատում եմ որպես հրաժարում պատասխանատվությունից»,- ասել է խորհրդարանականը։

Ընդդիմությունը, Հովհաննիսյանի հավաստիացմամբ, ունի բոլոր հնարավոր գործիքները հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան ստանալու համար։ Իսկ իշխանությունը, նրա կարծիքով, ընդդիմության համար որեւէ խոչընդոտ չի ստեղծել։ Հատկապես բանակցային գործընթացին ծանոթանալու մասով։