Ուզբեկստանից բլոգերները տախտակներից «Գազել» միկրոավտոբուսի մոդել են պատրաստել, հայտնում է Motor-ը։

«Զարմանալի փայտամշակում» youtube-ալիքի հեղինակներն արդեն ունեն տասնյակ փայտե մոդելներ՝ մոտոցիկլետներից մինչեւ շոգեքարշեր, մարդատար մեքենաներից մինչեւ ռազմական տեխնիկա եւ բազմաթիվ տեսանյութեր, որտեղ մանրամասն ցուցադրվում են փայտից պատրաստված բոլոր աշխատանքները: Անցյալ տարի նրանք հավաքել են ՈՒԱԶ բեռնատարի տպավորիչ կրկնօրինակը՝ «շերեփուկը», իսկ հիմա «Գազել» միկրոավտոբուսի մոդել են պատրաստել։

Թափքի կողային պատերը պարզապես ոլորահատ սղոցով կտրված են տախտակներից՝ ըստ ձեւանմուշի, բայց աշխատանքի մանրամասներն ապշեցուցիչ են՝ անգամ տանիքի կոշտացող կողերն են կրկնել։ Մոդելը ոչ միայն հագեցած է պատուհաններով եւ օդանցքով, այլեւ ունի բացվող դռներ։ Ընդ որում, կողայինը շարժական է, ինչպես իսկական «Գազել»-ում։ Որպեսզի այն ինքն իրեն չբացվի, ներսում կահույքի մագնիսով փական է տեղադրված։

Ներսում երթուղայինի սրահը խնամքով վերարտադրված է։ Միկրոավտոբուսի թափքը լաքապատված է՝ այսպես կարելի է տեսնել փայտի ստրուկտուրան։ Բայց լուսարձակներն ու անվադողերը ներկել են, որպեսզի առանձնացնեն ընդհանուր ֆոնին։